ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հինգերորդ շարասյունը»

«Հինգերորդ շարասյունը»
26.11.2023 | 13:41

Հայկական քաղաքական իրականության մեջ, դեռևս իշխող անհատապաշտ խունտան ժամանակ առ ժամանակ օգտագործում է «հինգերորդ շարասյուն» արտահայտությունը և փորձում է յուրահատուկ գռեհիկ, մեղադրանքով լի թունոտ հակակրանք ստեղծել յուր քաղաքական հնարավոր բոլոր հակառակորդների նկատմամբ։ Ընդհանրապես քաղաքական ընդդիմադիրներին ասֆալտին պառկեցնողը, բորդյուրի դիետա խոստացողը, պողպատե մուրճով սպառնացող մարդամեկը այնքան է սուզվել ատելության թանձր, մահաբեր ճահճի մեջ, որ ընդամենը մի քանի քայլ է հեռու մահվան դատապարտելու, Լինչի դատաստան կատարելու ստորագույն գայթակղությունից։

Ժողովրդավար համարվող, և ժողովրդավարական եվրոպական արժեքներ դավանող երկրում նման գայթակղությունը, իհարկե, զսպվում է գործող սահմանադրությամբ, բայց երկրի գլխավոր օրենքն արդեն իսկ ենթարկվել է նենգափոխոյմների և միամիտ պետք է լինել հավատալու, որ սահմանադրական կարգավորումները կազդեն այսպես կոչված «քաղաքացու վրեժի» ժամ հայտարարող պաշտոնյայի վրա, ով ստորգետնյա բունկերից Բարդուղիմեոսյան արյունալի կոտորածի հրավերք էր անում յուր կողմնակիցներին, որոնք էլ զինվորական պարտականությունները լքել և լցվել էին հանրապետության հրապարակ։

Ատելության հաշվեհարդարի շատ պատրաստակամ անուղեղ սրիկաները փրփուրը բերաններին, պատրաստ էին հոշոտել «հինգերորդ շարասյուն» կոչված ընդդիմախոսներին։

Մարդասպան դառնալու ներքին գազանային բնազդի էյֆորիկ զգացման կրողները գերեզմանից հառնած զոմբիների հրճվանքով կրկնում էին «հինգերորդ շարասյուն» և դրա ենթադրյալ թիրախներին հոշոտելու կոչը։ Այդ խեղված մտահորիզոնով անձանց գերակշիռ մասն իսկ չի իմանում թե ինչ է այդ «հինգերորդ շարասյունը», ինչու է դա կոչվում այդպես, կա՞ն արդյոք էլի շարասյուներ, ո՞վ է այդ ասույթի հեղինակը, որտե՞ղ է այդ բնորոշումն առաջին անգամ կիրառվել: Քանի որ, որոշակի բաց կա այս հարցի պատմության հետ կապված, որոշեցի որակական նոր մակարդակի քննարկում հարուցել, որպեսզի քաղաքական կյանքում զրո գիտելիք ունեցող շատերը գոնե սաղմնային գիտելիքներ ձեռք բերեն իրենց ղեկավարի կողմից անընդհատ օգտագործվող արտահայտությունների վերաբերյալ և հեռու մնան դեպի հանցագործություն տանող արահետից։

«Հինգերորդ շարասյուն» տերմինը պատկանում է իսպանացի գեներալ Էմիլիո Մոլային, որը ղեկավարում էր ֆրանկիստների բանակը քաղաքացիական պատերազմի ժամանակ: Ռազմական հեղաշրջման ակտիվ մասնակիցը, մոտենալով Մադրիդին` 1936-ի հոկտեմբերի սկզբին ռադիոյով Մադրիդի բնակիչներին տեղեկացրեց, որ բացի իր տրամադրության տակ գտնվող չորս ռազմական շարասյուներից, նա ունի ևս մեկը հենց Մադրիդում, որը որոշիչ պահին կհարվածի թիկունքից: «Հինգերորդ շարասյուն»-ը խուճապ էր տարածում, զբաղվում էր նենգադուլությամբ, լրտեսությամբ և դիվերսիաներով, սակայն պետք է նկատել, որ պարծենկոտ Մոլան փոքր ինչ չափազանցրել էր դրա արդյունավետությունը և կշիռը, քանզի հանրապետական Մադրիդը ընդդեմ ֆաշիստական պաշարման դիմակայեց ևս երկուսուկես տարի։

Որպեսզի քննարկվող թեման ընկալվի ավելի դյուրին, անհրաժեշտ է հիշել Իսպանիան քանդող արյունալի պատերազմի մասնակիցներին, հակամարտող կողմերին և նրանց հովանավորող անդրպետական կազմավորումների, պետությունների մասին։

Իսպանական քաղաքացիական պատերազմը տեղի է ունեցել 1936 թ.-ից 1939 թվականներին մի կողմից Հանրապետականների, ովքեր սատարում էին Իսպանիայի երկրորդ հանրապետությանը և դաշնակցում էին Անարխիստական տարբեր խմբավորումների հետ, ու մյուս կողմից Ազգայնականները, որոնց գլխավորում էր Գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն։

Չնայած հաճախ պատերազմը համարում են պայքար ժողովրդավարության և ֆաշիզմի միջև, որոշ պատմաբաններ այն համարում են բախում ձախակողմյան հեղափոխականների և աջակողմյան հակահեղափոխականների միջև։

Պատերազմը դարձավ իսպանական ժողովրդի մեծագույն դժբախտությունը` հարյուր հազարավոր մարդիկ զոհ գնացին, ավերվեց երկրի քաղաքների մեծ մասը, տնտեսությունը հետ շպրտվեց տասնյակ տարիներով, ոչնչացվեց իսպանական մշակույթի, գիտության էլիտան, դառը հակամարտություն ծավալվեց իսպանական հանրության մեջ։

Երկրում ծավալվեցին կարմիր և սպիտակ տեռորները։ Ռազմական գործողությունների առաջին ամիսներին սպանությունների մեծ մասը կատարվել են ոչ թե ռազմաճակատում կռվի հետևանքով, այլ քաղաքական հաշվեհարդարների հետևանքով։ Որոշ դեպքերում քաղաքական հակառակորդների սպանությունները կատարվել են տարերային ձևով, սակայն հիմնականում պատերազմի գրեթե առաջին օրերից սկսած բռնություններն իրականացվում էին հատուկ խմբերի կողմից։

Ազգայնականներն իրենց վայրագությունները կատարում էին հասարակության առջև, տեղական կաթոլիկ եկեղեցու հոգևորականության աջակցությամբ և քաղաքական վերնախավում։

Սպիտակ տեռորի քաղաքական հետապնդումները հանդիսանում էին ազգայնական ուժերի պաշտոնական քաղաքական գիծը Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ և գեներալ Ֆրանկոյի առանցքային քաղաքականությունը։

Սպանվում էին Ֆրանկոյի քաղաքական բոլոր հակառակորդները' այդ թվում՝ Ժողովրդական ճակատի անդամներ, ազատականներ, սոցիալիստներ, տրոցկիստներ, կոմունիստներ, անարխիստներ, բողոքական քրիստոնեաներ, ազատամիտներ, մտավորականներ, մասոններ, գալիսիականներ, կատալոնցիներ և բասկ ազգայնականներ: Իսպանական աղետն ուսումնասիրող հեղինակներն ընդգծում էին, որ կարմիր տեռորը խլել է շուրջ երկու հարյուր հազար, իսկ սպիտակ տեռորը մոտ չորս հարյուր հազար մարդու կյանք: Ինչպես նկատում ենք, ՔՊ ղեկավարի շուրթերով «քաղաքացու վրեժը» արտահայտությունը քաղաքականություն բերող անձին լսելու և քաղաքացիական պատերազմը հրահրելու կոչը ոչ թէ փրկելու էր, այլ հիմնահատակ կործանելու էր Հայաստանը, այն դարձնելու էր մոխրացող ավերակների տարածք` պետականության անխուսափելի կորստով։ Իհարկե, դա չէր կարելի թույլ տալ և հայ մարդկանց ինքնագիտակից զսպումը փրկեց երկիրը քաղաքացիական պատերազմ գլորվելու սարսափելի հեռանկարից։ Բայց կա մի հանգամանք, որը հստակ տարբերակում է ՀՀ հնարավոր «հինգերորդ շարասյունը» դրա իսպանական տարատեսակից։

Գեներալ Ֆրանկոյի աջակիցները

1. Բոլորը ծառայել էին իսպանական բանակում, ի տարբերություն ՔՊ աջակիցների, որոնց ճնշող մեծամասնությունը գոյություն չունեցող հիվանդություններով խուսափել են ծառայությունից։

2. Բոլորը խորապես հավատացյալներ էին, ի տարբերություն ՔՊ աջակիցների, որոնք հայոց առաքելական եկեղեցու և հավատքի դեմ ոտնձգությունների կազմակերպիչներ և անմիջական կատարողներ են։

3. Բոլորը ազգայնական էին, ի տարբերություն ՔՊ աջակիցների, որոնք խորապես մերժում են

ազգային արժեհամակարգը , վարկաբեկում` դրսից ներմուծված «առաջադեմ և քաղաքակիրթ արժեքների» քարոզչության միջոցով։

Կարծում եմ` ցանկացած իշխանավոր, պատահական կամ օրինական, ամեն պահի պարտավոր է հիշել, որ անձնական իշխանությունը պահելու գայթակղությունը լավ տեղ չի տանում և այն կարող է ցանկացած լարված իրավիճակ տանել դեպի դրամատիկ հանգուցալուծում, դրա անխուսափելի զոհերով և կորուստներով: ՈՒստի հորդորում եմ բոլորին, երկրի ներսում այլևս երբեք չօգտագործել «հինգերորդ շարասյուն», «Բարդուղիմեոսյան գիշեր» արտահայտությամբ քաղաքական կոչեր ի շահ մեր բզկտված հայրենիքի, որի երեխաներն անկասկած դեռ երկար տարիներ չեն ապրելու ազատ և երջանիկ երկրում։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4651

Մեկնաբանություններ